Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան խնդրով զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծումն աննպատակահարմար է: Այդ մասին հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Մեւլյութ Չավուշօղլուի առաջարկը ենթահանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

«Ես դեմ եմ, որ ԵԽԽՎ-ում ստեղծվի նման մի ենթահանձնաժողով, որովհետեւ կա, գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը եւ այդ շրջանակներում է ընթանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը»,- նշել է ֆրանսիացի խորհրդարանականը:

Ըստ Ռոշբլուանի ՝ հասկանալի է, որ «Ադրբեջանի ճնշման տակ ԵԽԽՎ նախագահը, որը, ինչպես գիտեք, թուրք է, փորձում է որոշ միջոցներ իրականացնել խնդրի լուծումը երկարաձգելու նպատակով»:

Ֆրանսիացի խորհրդարանականը նաեւ իր անկեղծ մաղթանքը հղեց Ադրբեջանին, որպեսզի նոյեմբեր ամսին Ադրբեջանում կայանալիք ընտրություններն անցնեն նույնքան արդար եւ թափանցիկ, որքան անցել են Լեռնային Ղարաբաղում: