Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի պատժաչափի չկրած մասի վերահաշվարկը սխալ է՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ անդարդառնալով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ.Ավետիսյանի միջնորդագրին։ Խոսքն այն միջնորդագրի մասին է, որով Ավետիսյանը միջնորդել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ վերանայել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի 2010 թվականի մայիսի 25-ի թիվ 31 որոշումը եւ դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի պատժաչափի չկրած մասի հաշվարկը կատարել 2009 թվականի հուլիսի 1-ից:
Ստուգմամբ պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի կողմից դատապարտյալ Ն.Փաշինյանի պատժաչափի չկրած մասի հաշվարկը կատարվել է 2010 թվականի ապրիլի 30-ից` դատարանի որոշումը օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:«Համոզված ենք, որ նախապես էլ գլխավոր դատախազությունը տեղյակ է եղել, թե ինչ որոշում է կայացվել։ Թե ինչն է պատճառը, որ դատախազությունը թույլ է տվել, որպեսզի պատժաչափի ժամկետը սկզբում հաշվարկվի այլ ամսաթվով, իսկ հետո էլ բողոքարկում է դրա դեմ, մեզ հայտնի չէ»։ Հարցին՝ Փաշինյանի պաշտպանները պատրաստվու՞մ են վերահաշվարկի վերանայման հետ կապված բողոք ներկայացնել, Վարոսյաննն ասաց, թե առայժմ քննարկում են այդ հարցը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ կատարվել է դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ, համաձայն որի նշանակված պատժաչափը կրճատվել է 1/2-ով երեք տարի մեկ ամիս մեկ օրով, որի արդյունքում վերջնական պատժաչափը կազմել է երեք տարի 10 ամիս 29 օր: Դատախազության միջնորդագիրը բավարարելու դեպքում՝ Փաշինյանի պատժաչափի չկրած մասին կգումարվի եւս հինգ ամիս։


























