Աշխարհի առաջնության երկրորդ օրը բոլորն անհամբերությամբ սպասում են չեմպիոնի երկու հավակնորդների` Անգրենտինայի եւ Անգլիայի ելույթին: Բ խմբում արգենտինացիները կմրցեն Աֆրիկայի ուժեղագույն թիմերից մեկի` Նիգերիայի հետ:
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Ց խմբում Անգլիան հենց մեկնարկում կանցկացնի խմբային փուլի ամենաբարդ հանդիպումը: Անգլիացիների մրցակիցը խմբում երկրորդ տեղը գրավելու գլխավոր հավակնորդ ամերիկացիներն են, որոնք 1994թ. ընդունելով աշխարհի առաջնությունն իրականացնում են ֆուտբոլի զարգացման ծրագիր, որի համաձայն՝ այս տարի պետք է մրցանակային տեղ գրավեն:
Սակայն օրվա գլխավոր դիմակայություններից առաջ տեղի կունենա Բ խմբի երկու հավանական հետնապահների` Հարավային Կորեայի եւ Հունաստանի հանդիպումը, որը Երեւանի ժամանակով մեկնարկելու է 16:30-ին:
Պաշտոնական խաղերում այս թիմերը երբեւէ չեն հանդիպել, սակայն երկու անգամ մրցել են ընկերական մակարդակում: 2007թ. փետրվարին ասիական թիմը հաղթեց 1:0 հաշվով, իսկ 2006թ. գրանցվել էր ոչ ոքի` 0:0:
Այս առաջնության նախաշեմին հույները ստուգողական խաղում հանդիպեցին հյուսիսկորեացիների հետ: Հույները երկու գնդակ խփեցին, սակայն նույնքան էլ բաց թողեցին, ինչը բնորոշ չէ Օտտո Ռեհագելի թիմի համար:
Այսօր հույները դժվար թե հեռանան պաշտպանական ոճից եւ հարավկորեացիների համար բարդ կլինի գնդակ խփել: Իսկ հույներին բարձր արդյունավետությունը երբեւէ բնորոշ չի եղել:
Հարավային Կորեայի հավաքականը միակ թիմն էր, որ ասիական գոտու ընտրական մրցաշարում խուսափեց պարտությունից: Այդ պատճառով Հու Չուն Մուի սաները լուսավոր ապագայի հույս ունեն, չնայած ստուգողական հանդիպումներում տարած պարտություններին:
Հունաստանի հավաքականը կազմի հետ որեւէ խնդիր չունի: Եվրո-2004-ի չեմպիոնները Հարավային Աֆրիկա են ժամանել մի քանի նպատակներով: Գլխավորը` դուրս գալ ենթախմբից: Սակայն դա անել հույները կկարողանան, եթե ավելի հաջող հանդես գան, քան 1994թ. ԱՄՆ-ում, որտեղ առաջին անգամ մասնակցեցին աշխարհի առաջնությանը եւ խմբային երեք հանդիպումները տանուլ տվեցին ընդհանուր 0:10 հաշվով, Արգենտինային` 0:4, Նիգերիային` 0:2 եւ Բուլղարիային` 0:4: Այժմ հույները հույս ունեն բարելավել 16 տարվա վաղեմության վիճակագրությունը:
Միջազգային բուքմեքերների կանխատեսումներով (աղբյուրը` http://soccerstand.com/) Հարավային Կորեա – Հունաստան խաղում նախապատվությունն աննշան չափով տրվում է հույներին: Հարավային Կորեայի հաղթանակ` 2.62 –ից 3.02 գործակից, ոչ ոքի` 3.00-ից 3.10, Հունաստանի հաղթանակ 2.55-ից 2.75:



























