Յապոնչիկի դեմ մահափորձը արված էր ոչ թե նրան սպանելու, այլ պարզապես վախեցնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը։ Նա հեղինակ է մի շարք գրքերի՝ այդ թվում երկու մասից բաղկացած «Գողերի աշխարհը», «Յակուձա, մաֆիա, օրենքով գողեր», «Գայլաորս», «Սվո Ռաֆ» եւ այլն։ Գալոյանը համոզված է, որ եթե Յապոնչիկը մահանա, ապա կրիմինալ աշխարհում համաշխարհային պատերազմ կսկսվի:
Հիշեցնենք, որ հուլիսի 28 Մոսկվայում «Յապոնչիկի» դեմ մահափորձ է իրականացվել։ Մահափորձն իրականացնողը կրակել է դիպուկահար հրացանից այն պահին, երբ Իվանկովը դուրս էր գալիս «Տայսկի սլոն» ռեստորանից: Նա որովայնի մասում վերք է ստացել եւ տեղափոխվել Բոտկինի հիվանդանոցի վերակենդանացման բաժին։ Ներկայումս նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Արդեն տասը տարի է Սերգեյ Գալոյանը գիրք է գրում Վյաչեսլավ Իվանկովի՝ նույն ինքը «Յապոնչիկի» մասին, սակայն դեռեւս չի ավարտել։ Նա ասում է, որ վերջին իրադարձությունները կապված Յապոնչիկի մահափորձի հետ, բավականին նոր նյութ են տվել գրքին։ Գիրքը գրեթե ավարտուն է, հեղինակը պարզապես հովանավորի է սպասում՝ տպագրելու այն։
Խոսելով Հայաստանի քրեական աշխարհից՝ Գալոյանն ասաց.
«Հայաստանում գող չկա, փնթի-մնթի բազարի ջեպկիրներ են, որոնք իրենց ներկայացնում են իբրեւ գող»:
Գրողի տվյալներով ԱՊՀ տարածքում 592 «օրենքով գող» կա, որից միայն երկուսն են գտնվում Հայաստանում։
Նա նաեւ նշում է, որ ներկայիս պատկերացումները «օրենքով գողերի» մասին, որոնք մեծամասամբ ստեղծվել են նաեւ քրեական աշխարհի մասին պատմող սերիալների միջոցով, չեն համապատասխանում իրականությանը։
Լրագրողի հարցին, թե Գալոյանը ինչու է գրում հատկապես քրեական թեմաներով, գրողը պատասխանեց, որ « ուզում է պատմել եւ ցույց տալ այդ աշխարհը, եւ դա անիմաստ բան չէ»:



















