Միացյալ նահանգներում լույս տեսնող հայկական «Asbarez» թերթը հաղորդում է, որ ԱՄՆ-ու Իսրայելի նորանշանակ դեսպան Միխաել Բ. Օրենը այն հազադեպ իսրաելցի քաղաքական գործիչներից է, ով կասկածի տակ չի դնում հայոց ցեղասպանության փաստը, չնայած նրան, որ Իսրայելի կառավարությունը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել հիշյալ փաստը։

Օրենը հայտնի դարձավ նրանով, որ մինչ դեսպան նշանակվելը եւս նա բազմիցս բարձրաձայնել է հայոց ցեղասպանության մասին։ New York Review of Books հրատարակության 2007թ-ի մայիսի 10-ի թողարկման հետեւյալ ձեւակերպումն է տվել. «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի պատասխանատվության հարցը» , իսկ ինքը՝ հոդվածը վերնագրված էր այսպես՝ «Զանգվածային սպանություններ, որոնք մինչ օրս նրանք հերքում են»։ Իր ավելի վաղ լույս տեսած «Իշխանություն, Հավատ եւ Երեւակայություն» գրքում Օրենը բազմիցս հղումներ է կատարել Հայաստանին ու հայերին, այդ թվում մանրամասն նկարագրել է հայերի զանգվածային սպանությունները թե Ցեղասպանությանը նախորդած, եւ թե ցեղասպանության տարիներին։

Օրենը նշել է, թե մոտ 100 տարի առաջ հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների անմարդկային վերաբերմունքը լուրջ ներգործություն ունեցավ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ Սուլթանի հետ հարաբերությունների վատացումից հետո իշխանության եկած երիտթուրքական ավազակախումբը ավելի դաժան գտնվեց հայերի հանդեպ՝ հարավային եւ արեւելյան Անատոլիայում կոտորելով շուրջ 30 000 հայերի։ Հոդվածի մեկ այլ գլխում, որը վերնագրված է «Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ոճիրը», Օրենը գրում է. «1914 թվականի դեկտեմբերի առաջին տվյալները վկայում են Բիթլիսում եւ Թուրքիայի արեւելյան շրջաններում կոտորածների, եւ Էրզրումի փողոցներում կախաղան հանվածների մասին»։ 20-ից 60 տարեկան տղամարդիկ բանակ էին կանչվում, որտեղ նրանց զենքի փոխարեն տալիս էին ծանր աշխատանք, նրանք ճանապարհներ էին կառուցում եւ այլն։ Կովկասում ռուսական զորքերից պարտություն կրելուց մեկ ամիս հետո իրենց ողջ կատաղությունը թափեցին արեւելյան Անատոլիայի հայկական քաղաքների ու գյուղերի վրա։ Հաջորդ տարվա գարնանը թուրքական զորքերը պաշարեցին Վանը եւ սկսեցին առաջին զանգվածային տեղահանությունները։ Հաշվեհարդարները շարունակվեցին Պոլսում, որտեղ ձերբակալվեցին ու կախաղան հանվեցին կամ աքսորվեցին 250 հայ մտավորականներ ու գործիչներ։

Այնուհետեւ Օրենը գրում է պատմությունը խեղաթյուրելու Թուրքիայի փորձերի մասին։ «Ներկայիս փորձագետները հանգում են մի մտքի, որ ցեղասպանությունը բոլորովին կապ չուներ պատերազմի հետ, վերջինս պարզապես առիթ էր հայ ժողովրդին գլխովին ոչնչացնելու իրենց սահմռկեցուցիչ ծրագիրն իրագործելու համար։ Կասկածից վեր է, որ հայերի ցեղասպանությունը նախերգանքը եղավ հրեական ցեղասպանության, որը 25 տարի անց իրագործեցին գերմանացի նացիստները»։

Մանրամասն նկարագրելով հայոց ցեղասպանության դրվագները՝ Օրենը ամբողջացնում է իր միտքը՝ նշելով, որ «արդեն 1915 թ-ի ամռանը կոտորված հայերի թիվը հասնում էր շուրջ 800000-ի, մի մասը բռնի մահմեդականացվել էր իսկ մի մասն էլ՝ քշվել անապատները։ Արդյունքում զոհվեց շուրջ մեկուկես միլիոն հայ։ Մինչդեռ այդ փաստը Թուրքիան ոչ միայն չի ճանաչում, այլեւ առանց խղճի խայթի փորձում է հակառակն ապացուցել ու երբեք չի էլ ճանաչի այն»։

Հիշեցնենք, որ Օրանը այս գիրքը հրատարակել էր մինչ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան նշանակվելը։ Հույս ունենանք, որ նա առաջիկայում եւս չի փոխի կարծիքը եւ իր նախորդների նման ստոր ձեւով չի պայքարի Կոնգրեսում հայոց ցեղասպանության օրինագծի դեմ։