Նախօրեին՝ հունիսի 11-ին ծեծկռտուք է եղել Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ hունիսի 11-ին, ժամը 22.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից օդանավակայանի ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում կարգազանց ուղեւոր կա:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված չվերթի ուղեւոր, ՌԴ քաղաքացի, 1988թ. ծնված Արման Գ.-ն թռիչքի ընթացքում` օդանավի սրահում, մոտ 25-30 րոպե վիճաբանել, հայհոյել, բռունցքներով եւ գլխով հարվածել է նույն չվերթի ուղեւոր, ՌԴ քաղաքացի, 1967թ. ծնված Համլետ Թ.-ին եւ քթի մասում պատճառել վնասվածք:

Համլետ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Արման Գ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման ենթարկվելուց հետո, հերթապահ մասում մոտ 30 րոպե հայհոյել է ոստիկաններին եւ խանգարել նրանց բնականոն աշխատանքը:

Կատարվում է հետաքննություն: