Ծաղկաձորում մեկնարկել է «ՏՀՏ առաջնորդների առանց փողկապի հանդիպում» համաժողովը, որի նպատակն է ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնային խնդիրները: Այս անգամ համաժողովի հիմնական քննարկման թեման վերաբերում է մասնավորապես ՏՀՏ ոլորտի կրթության խնդիրներին եւ կրթության որակի բարձրացմանը:
Համաժողովին ներկա էին հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, իսկ կրթության ոլորտից ներկայացուցիչներ գրեթե չկային:
Այսօր մեզ համար կարեւոր է բարձացնել ոչ միայն ուսանողների կրթության որակը, այլեւ բուհերի դասախոսների դասավանդման որակը: Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը՝ ավելացնելով, որ այսօր բուհերի դիպլոմները արժեզրկվում են, քանի որ այն ստանալը դարձել է սովորական երեւույթ:
«Եթե ուսման ընթացում բուհերում որոշակի զտում լինի, եւ ոչ բոլոր ուսանողները կարողանան դիպլոմ ստանալ, այդ դեպքում դիպլոմը կարող է արժեւորվել»,- ասաց Ավոյանը:
NEWS.am- Ինովացիայի թղթակցի այն հարցին, թե բուհերն ինչո՞ւ պետք է շահագրգռված լինեն որակի եւ ուսանողների թվի կրճատմամբ, եթե ուսանողների թվից կախված է նույն բուհերի վաստակած գումարը, ԻՏՁՄ նախագահը ասաց. «Եթե բիզնեսը մտածում է միայն քանակի մասին եւ որակի մասին չի մտածում, նա չի կարող երկարաժամկետ շահույթ ստանալ, քանի որ անորակ «արտադրանքը» երկարաժամկետ կտրվածքով չի կարող շահույթներ բերել, եւ վերջիվերջո այն կործանվելու է»:
Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:


























