Հարավային Կորեա – Հունաստան` 2:0
12 հունիսի. Պորտ Եղիսաբեթ, Նելսոն Մանդելայի անվան ստադիոն
Գոլերը՝ Լի Ջու Սու, 7 (1:0), Պակ Ջի Սուն, 53 (2:0)
Մրցավար` Մայքլ Հեսթեր (Նոր Զելանդիա)
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Առաջին արագ գոլն աշխարհի առաջնությունում խփեցին Հարավային Կորեայի ֆուտբոլիստները: Բ խմբում հանդեղ եկող հարավկորեացիները մեկնարկային խաղում վստահ հաղթանակ տարան հույների նկատմամբ:
Արդեն 7-րդ րոպեին Կի Սուն Յուն, իրացնելով տուգանային հարվածը, գնդակն ուղարկեց դարպասապահի հրապարակի հեռավոր անկյունը, Հունաստանի հավաքականի պաշտպանությունը մրցակցի գործողությանը ժամանակին չարձագանքեց եւ թիկունքից դուրս եկած Լի Ջու Սուն մոտ երեք մետրից գնդակն ուղարկեց դարպասի մոտակա դատարկ անկյունը:
Բաց թողած գոլից հետո գերմանացի մասնագետ Օտտո Ռեհագելի թիմը փորձեց պրեսինգի դիմել Հարավային Կորեայի կիսադաշտում, սակայն առաջին խաղակեսում հաշիվը հավասարեցնել չհաջողվեց:
Իսկ ընդմիջումից հետո հարավկորեացիները ակտիվորեն մտան խաղի մեջ եւ, օգտվելով Լուկաս Վինտրայի անփույթ փոխանցումից դեպի Հունաստանի դարպասապահը, Պակ Ջի Սունը տիրեց գնդակին եւ 53-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը` 2:0:
86-րդ րոպեին Հարավային Կորեան ուներ մրցակցի դարպասը գրավելու եւս մեկ իրական հնարավորություն, սակայն միայն դարպասապահ Ցորվասի հաջող խաղի շնորհիվ Հունաստանը խուսափեց խոշոր հաշվով պարտությունից:
Հարավային Կորեան 3 միավորով Բ խմբի առաջատարն է եւ բոլորը սպասում են Արգենտինա – Նիգերիա հանդիպմանը:



























