Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հետեւում է հունիսի 11-ին Հարավաֆրիկյան հանրապետությունում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, եւ հանդիսանում Բրազիլիայի հավաքականի հին երկրպագուն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը՝ հավելելով, որ  վարչապետի կարծիքով՝ Բրազիլիան ավանդաբար գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում եւ հենց նա էլ, ամենայն հավանականությամբ, կդառնա ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը։

Բրազիլիայի հավաքականի երկրպագու է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւս հետեւում է ֆուտբոլի առաջնության խաղերին։ Նախարարի կարծիքով, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հրաշալի առիթ է աշխատանքին զուգահեռ վայելել լավագույն խաղի բերկրանքը։ «Ինձ համար արդյունքը երկրորդական է։ Ֆուտբոլ դիտելն ինձ համար պարզապես ընկերների եւ ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնելու լավ առիթ է։ Ինքս նախընտրում եմ հարավամերիկյան կամ աֆրիկյան թիմերի, որոնք միշտ չէ, որ արդյունավետ են խաղում, սակայն իրենց գեղեցիկ ելույթներով ուրախացնում են երկրպագուներին»,- ասաց ԿԳՆ նախարարը՝ ավելացնելով, որ իր կարծիքով աշխարհի առաջնությունում կհաղթեն Բրազիլիայի, Կոտ դՙ Իվուարի կամ Պորտուգալիայի հավաքականները, թեեւ դրանք «ցավոք, բոլորն էլ ընդգրկված են մի ենթախմբում»։ 

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւս, քաղաքապետարանի մամուլի քարտուղար Անժելա Մարտիրոսյանի փոխանցմամբ, հետեւում է աշխարհի առաջնության ընթացքին։ «Նա հետեւում է խաղերին եւ երկրպագում Իսպանիայի եւ Արգենտինաի հավաքականներին»,- տեղեկացրեց նա։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առավելապես նախընտրում է Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականներին, քանի որ այդ թիմերը, ըստ նրա, իր «հոգուն հարիր են խաղում»:  Թե ո՞ր երկրի հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն՝ Ղուկասյանն առայժմ  չասաց, նշելով, թե մի քանի խաղի հետեւելուց հետո նոր կարող է կանխատեսում անել։ Գյումրու քաղաքապետն, ի դեպ, բուկմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ չի կատարում։ «Ես հեռու եմ նման բաներից»,- նկատեց Ղուկասյանը։