ԵԱՀԿ Մինսկի համանախագահները լռում են հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին, որովհետեւ ուկրաինական ճգնաժամի արդյունքում ստեղծված լարվածությունը համանախագահ երկրների՝ մի կողմից ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, իսկ մյուս կողմից Ռուսաստանի, միջեւ թույլ չի տալիս նրանց հանդես գալու միասնական դիրքերից: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

«Այս դեպքում ավելի հավանական է, որ հայտարարություններով հանդես գան ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի կամ ԱՊՀ-ի պաշտոնատարները՝ խաղաղության կոչերով, որոնք, իրականում, որեւէ ազդեցություն չեն ունենա իրավիճակը հանդարտեցնելու տեսանկյունից»,- ասաց նա։

Արման Մելիքյանի կարծիքով՝ Հայաստանն ու Արցախն առայժմ պետք է ինքնուրույն դիմակայեն հակառակորդի հարձակումներին ու ձգտեն նրան շոշափելի կորուստներ պատճառել՝ միաժամանակ պատրաստ լինելով էլ ավելի կտրուկ գործողությունների. «Մենք պետք է ինքներս լինենք սեփական ազատության պաշտպանն ու երաշխավորը հատկապես ռազմի դաշտում: Պետք է նաեւ հիշենք, որ օգնության մասին մեր խնդրանքները հանգեցնելու են մեզ ուղղված տարաբնույթ վերջնագրերի ի հայտ գալուն: Այսինքն՝ մեզ «կօգնեն», եթե համաձայնենք ինչ-ինչ նախապայմաններ կատարել, սակայն ոչ ոք այսօր մեզ ոչինչ չի կարող երաշխավորել, անգամ եթե ցանկություն ունենա: Ինչ վերաբերվում է քաղաքական ու դիվանագիտական ճակատներին, ապա այստեղ անելիքներն ու բացերը բավական շատ են եւ ժամանակ պետք կլինի այս ոլորտներում վիճակը բարելավելու համար»:

Նշենք, որ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը մի քանի դիվերսիոն հարձակումներ է գործել հայկական դիրքերի վրա։ Հայկական կողմն ունի երեք զոհ, իսկ հակառակորդը՝ երկու տասնյակից ավելի: