Հունիսի 12-ին լրանում է Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 59-ամյակը: Այս առթիվ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղ էին այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ բացելու նրան նվիրված հուշարձանը: Իրինդի գյուղապետ Ալեքսան Քոթանյանի խոսքով, Անդրանիկ Մարգարյանը հաճախ էր լինում Իրինդում եւ նրա մանկության մի շրջանն անցել է այս գյուղում: Նա նաեւ նշեց, որ շաբաթ-կիրակի օրերին Անդրանիկ Մարգարյանը հաճախ էր այցելում գյուղ, որտեղ ապրում էին նաեւ նրա հորեղբայրները:
Իսկ հուշարձանի հեղինակ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանն ասաց, որ արձանը տեղադրվել է այն վայրում, որտեղ Մարգարյանը սիրում էր նստել: Արձանը սպիտակ մարմարից է:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին նաեւ Մարգարյանի կինը, որդին, թոռնիկը եւ նրա կուսակցական ընկերները: Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ տոնական համերգ՝ հայ էստրադային աստղերի մասնակցությամբ:


























