Ո՞րն է տարբերությունը Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի հակամարտությունների միջեւ, որ մի դեպքում միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի համաձայնում անկախություն տրամադրել Ղարաբաղին, իսկ Կոսովոյի դեպքում դա անում է:
Լրագրողների այս հարցին ի պատասխան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է. «Հարավսլավիայի նախագահ Միլոշեւիչը միջազգային հանրության կողմից դատապարտվեց որպես պատերազմի հանցագործ, իսկ Մլադիչը դեռեւս որոնվում է, ում դեռ դատավարություն է սպասվում: Միջազգային հանրությունը Կոսովոյի խնդրին մոտեցավ որպես այդպիսին, որովհետեւ Կոսովոյի նկատմամբ ակնհայտ ագրեսիա կար Սերբիայի կողմից: Դուք կարող եք ասել, որ դա հենց նույնն է, ինչ Ադրբեջանն է արել Հայաստանի հանդեպ: Իսկ գիտե՞ք ինչ են ասում Ադրբեջանում»: Սակայն այս խոսքերից հետո Բրայզան չշարունակեց: Փոխարենն ասաց. «Ինձ մի մեղադրեք, ես ընդամենը միջնորդ եմ»: Նա նաեւ ընդգծեց. «Թող Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղի անկախության հարցում ստանան մի բանաձեւ, որն ընդունելի կլինի կողմերի համար»:




























