«Մենք չենք կարող որեւէ կողմի ստիպել համաձայնության գալ, կողմերն իրենք պետք է որոշեն, որ համաձայն են որեւէ լուծման: Մենք հասկացել ենք, որ համաձայնության գալու համար միակ տարբերակը այն է, որ լուծումը հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքների վրա` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն»,- այսօր Ծաղկաձորում սեմինարի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան ու հավելել. «Միգուցե այս սկզբունքները կարող են հակասել մեկը մյուսին, բայց կարծում եմ հիմնարար սկզբունքներում գտել ենք մի բանաձեւ, որը 2007 թվականի նոյեմբերին մադիրդյան փաստաթղթում իր արտացոլումն է գտել եւ որը մեկ շաբաթ առաջ համանախագահները Կրակովում վերանայել են»:

Այնուհետեւ խոսելով ԼՂ կարգավիճակի մասին, նա նշել է. «Իսկ ո՞րն է դա. ԼՂ բնակիչների անվտանգության ապահովում, ԼՂ բնակիչներն ընտրում են իրենց ղեկավարին, տնօրինում են իրենց կյանքը, ապագան ու ճակատագիրը»: Նրա խոսքով, միջանկյալ կարգավիճակը կպահպանվի այնքան, մինչեւ կլինի քվեարկություն Ղարաբաղի բնակիչների կողմից` վերջնական կարգավիճակը որոշելու համար: «Տարածքային ամբողջականության սկզբունքն ապահովում են նրանով, որ Ադրբեջանին են վերադարձվում 7 շրջանները: Ալիեւը Մոսկվայում դրան անդրադարձավ, ըստ որի, այդ շրջաններից 5-ը վերադարձվում են անմիջապես, իսկ 2-ը` ավելի ուշ, միգուցե 5 տարուց կամ ավելի ուշ: Իսկ ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի ինչ-որ մի պահի, երբ կողմերը դրան պատրաստ կլինեն, որի ժամկետն այս պահին ասել չենք կարող»,- ասել է նա: Դրանից զատ, կլինի նաեւ հատուկ անվտանգության ռեժիմ` երաշխիքներով, որը կապահովի, որ չլինեն ռազմական ուժեր ու ծանր հրետանի ԼՂ տարածքում, որոնք կարող են պատերազմի վտանգ առաջացնել:

Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի կազմին, Բրայզան ասել է, թե նրանց պատկանելությունը որոշելու են Ադրբեջանը եւ Հայաստանը, եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է վետո դնել, եթե չի ցանկանում, որ տվյալ երկրի զորքը լինի տարածաշրջանում: «Մյուս կարեւոր դրույթները Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ միջանցքն է, տրանզիտ ճանապարհների բացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս դեպքում Հայաստանն ամբողջությամբ ինտեգրվում է տարածաշրջանային տնտեսությանը, որը լուրջ տնտեսական օգուտներ կբերի Հայաստանին: Սա էլ իր հերթին կբերի կայունություն, ժողովրդավարական բարեփոխումներ»,- ընդգծել է նա: