Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին արկածախնդրությունների բուն նպատակը եղած ստատուս- քվոյի փոփոխություն իրականացնելն է միակողմանի, ինչը տվյալ դեպքում հակասում է Մինսկի խմբի սկզբունքներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր՝ օգոստոսի 4-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը:

«Կարծում եմ, որ շատ կարեւոր հանդիպում էր եւ արդյունավետ: Պաշտպանության նախարարը հնարավորինս մանրամասներ ներկայացրեց վերջին իրադարձությունների հետ կապված, եւ նաեւ հասկանալի է, որ Ազգային Ժողովն անելիքներ ունի, եւ նախարարի հետ պայմանավորվեցինք մեր հետագա անելիքները, թե ինչ կարող են անել խմբակցությունները: Քաղաքական ուժերի կողմից առաջարկներ եղան, որ միասնաբար այցելենք թե հյուսիսային շրջաններ, թե ղարաբաղա-արդեբջանական շփման գիծ: Բացի դրանից՝ միասնական հայտարարությամբ հանգես գանք: Սա այն դեպքն է, որ բացառիկ միասնություն է պահանջում: Հասկանալի է, որ խոսքը վերաբերվում է ԼՂՀ եւ ՀՀ ազգային եւ պետական անվտանգությանը, եւ այդ գիտակցումը կա քաղաքական ուժերի մոտ: Կարծում եմ՝ մեր այս մոտեցումները կամ ծրագիրը, որ նախատեսել ենք, թե ներքաղաքական, թե Ադրբեջանին ցույց կտա, որ այդ հարցում միակամ ենք, միասնական ենք՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններից: Հանդիպման մասին կարող եմ այսքանը ասել»,- ասաց նա:

Նշենք, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»  խմբակցությունների ներկայացուցիչները`  Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք դիվերսիաներ են իրականացրել շփման գծում, սակայն ետ են շպրտվել՝ տալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: Նույն ժամանակահատվածում հայկական կողմի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: