Ադրբեջանի քաղաքական շրջանակների կողմից ռազմաշունչ հայտարարությունները, որոնք Կովկասում տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, Հայաստանը չպետք է լուրջ ընդունի։ Այս մասին, օգոստոսի 7-ին, NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վադիմ Մուխանովը։ «Այսօր, Ադրբեջանի գրեթե ողջ քաղաքական վերնախավը իրեն թույլ է տալիս ռազմաշունչ հայտարարություններ անել, սակայն չարժե հավատալ դիվանագետի կամ քաղաքական գործչի որեւէ հայտարարությանը»,-կարծում է Մուխանովը։
Փորձագետի կարծիքով, այդպիսի հայտարարությունները այն լայնածավալ երկկողմանի տեղեկատվական պատերազմի մասն են, որը արդեն բավական երկար անցկացվում է Կովկասում, եւ «տարբեր դիվանագետների ու քաղաքական գործիչների հայտարարությունները՝ ստանդարտ քայլեր են, վախեցնելու ձեւ»։
«Կովկասյան հակամարտությունների նախանշանները վաղուց արդեն բոլորին հայտնի են, եւ այն ստանդարտ հայտարարությունները, թե Ռուսաստանը չի ցանկանում մեզ օգնել եւ չի մատուցում մեզ Լեռնային Ղարաբաղը, պրոֆեսիոնալ եւ կոռեկտ չեն»,- ասել է փորձագետը՝ մեկնաբանելով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլու հայտարարությունը, որ եթե Ռուսաստանի գործադրած ջանքերը չպսակվեն հաջողությամբ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը չգտնվի բանակցություններով, ապա օրակարգում կարող է դրվել Հայաստանին խաղաղություն պարտադրելու հարցը։
Ըստ Մուխանովի, հակամարտության լուծման ուժային տարբերակի, լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին խոսել չարժե. «բոլոր խոսակցությունները, թե իբր շուտով կբոցավառվի կրակը՝ ստանդարտ քաղաքական սպեկուլյացիա է»։
Մուխանովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացում որոշակի առաջընթաց, այնուամենայնիվ, նկատվում է՝ հաշվի առնելով այն, որ վերջին ժամանակներս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների քանակը ավելացել է։ Սակայն, փորձագետի կարծիքով, խնդրի լուծման կոնկրետ ճանապարհ ոչ ոք չի կարողանում առաջարկել։ Թուրքիա եւ Ադրբեջան ռուսական բարձրաստիճան այրերի այցերի հաճախացման շուրջ Մուխանովը ասել է, որ Ռուսաստանը չի փոխել իր արտաքին քաղաքականության ուղեցույցը։ «Չափազանց կարեւոր է գիտակցել, որ անկախ Մերձավոր Արեւելքի եւ կովկասյան այլ պետությունների հետ Ռուսաստանի հարաբերություններից,
Հայաստանը եղել եւ մնում է նրա Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը։ Բայց, չնայած գործընկերությանը, Ռուսաստանը մյուսներին մտադիր չէ զոհաբերել, որովհետեւ նա փորձում է բազմակողմ քաղաքականություն վարել»,-հավելեց փորձագետը։




























