Կալանավորված ադրբեջանական իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակը վատթարացել է: Այս մասին Turan գործակալությանը տեղեկացրել է փաստաբան Ջավադ Ջավադովը, ով օգոստոսի 4-ին այցելել է իրավապաշտպանին:

Շաքարախտի սուր տեսակի արդյունքում նրա տեսողությունը լրջորեն վատացել է: 2013թ. սեպտեմբերին եւ հոկտեմբերին նա երկու անգամ վիրահատվել է: Մինչ այդ, նա եւս 4 վիրահատություն էր տարել:

«Օրգանիզմում շաքարի նորմալ մակարդակը պահպանելու համար Լեյլա Յունուսը պետք է մշտապես հատուկ դեղամիջոցներ ընդունի, նա նաեւ բժշկական վերահսկողության կարիք ունի: Հիմա քննչական մեկուսարանում այդ անելու հնարավորություն չկա: Թարմ օդի եւ շարժվելու հնարավորության բացակայությունն ավելի են վատացնում նրա վիճակը: Շաքարախտն ազդում է բոլոր օրգանների վրա, եւ նրա մատները թմրում են»,- ասել է Ջավադովը:

Փաստաբանը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում սպասում են Յունուսի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Յունուսը կալանավորվել է հուլիսի 30-ին: Այսօր ձերբակալել են նաեւ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին: Նրանք, ինչպես նաեւ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: