Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի՝ Բարձրունի գյուղի մոտակա սահմանային կետերից մեկը մեկնելն ու այնտեղ գիշերելը ոչ մի կապ չունեն այս օրերի լարվածության հետ. մարզպետը պարբերաբար այցելում է մարտական դիրքեր:

«Մեզ մոտ փառք Աստծո լարվածություն չկա, կրակոցներ չկան: Պարզապես ես պարբերաբար այցելում եմ դիրքեր. զինվորները շատ ոգեւորված են, շատ զգոն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը:

Նրա կարծիքով՝ հայկական կողմը վերահսկում է իրավիճակը, սակայն եթե կարիք լինի, բնակչությունը չի սպասի եւ միանգամից կմեկնի սահման. «Բոլորս էլ կլինենք ազատամարտիկներ եւ կմեկնենք սահման»:

Նշենք, որ Վայոց ձորի մարզպետը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմաններին, ընթրել զինվորների հետ, որից հետո գիշերն անցկացրել սահմանային կետում՝ գիշերային ժամերին, ինչպես նաեւ առավոտյան շրջայց կատարել խրամատներում եւ մարտական հերթապահություն իրականացնող զինվորների մոտ:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարվածություն կա ղարաբաղա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: