Ասորիների ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս: Այսօր՝ հուլիսի 5-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի «Ատուր»  ասորիների միության ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը: Նրա խոսքով՝ այսօր Իրաքում, մասնավորապես՝ Մոսուլում բնակվող մոտ 50 հազար ասորիներ ծայրահեղ ծանր կացության մեջ են հայտնվել: Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետության ջիհադիստները ասորիներին եւ մյուս քրիստոնյաներին ստիպում են հավատափոխ լինել: Հրաժարման դեպքում նրանց վրա այնքան հարկ է դրվում, որ վերջիններս հարկադրված լքում են իրենց տները:

«Այսպիսով, արդեն երրորդ անգամ ասորի ժողովուրդը հետապնդումների եւ տառապանքների է ենթարկվում», - հայտարարեց Խոսրոեւը՝ հիշեցնելով, որ ասորիների ոչնչացումը սկսվել է դեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ ժամանակ Օսմանական կայսրության ղեկավարությունը 1.5 մլն հայերի հետ մեկտեղ ոչնչացրել է նաեւ 870 հազար ասորիների:

«Հնագույն ժողովրդի երկրորդ ողբերգությունը տեղի է ունեցել 1933թ. օգոստոսին, երբ իրաքյան Սիմել քաղաքում Մեծ Բրիտանիայի ամենաթողությամբ մոտ 3000 ասորի-քրիստոնյա է սպանվել», - ընդգծեց Խոսրոեւը՝ հավելելով, որ այդ իրադարձություններից հետո ասորիները օգոստոսի 7-ը նշում են՝ որպես «Նահատակման կամ սգո օր»:

Չնայած վերոնշյալին՝ ասորիների ցեղասպանությունը մինչ օրս չի ընդունվել միջազգային հանրության կողմից: «Հիմնական պատճառներից մեկն այն է, որ ասորիները չունեն պետություն եւ համապատասխան ռեսուրսներ: Դժբախտաբար, ասորիների ցեղասպանության ճանաչմանն ուղղված բոլոր ջանքերը եւ միջոցառումները մասնավոր բնույթ են կրում», - եզրափակեց Խոսրոեւը: