Սիրիայում քրդերի դեմ ակտիվ գործողություններ վարող ահաբեկչական «Իսլամում եւ Լեւենտում (Շամում) իսլամական պետություն» խմբավորման դեմ համատեղ պայքարի կոչ է արել PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը Sterk TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե PKK-ն չի թողնի, որ ԻԼԻՊ-ի զինյալները կոտորեն Սիրիայի քրդերին։

Քարայըլանը համաքրդական կոչ է արել՝ պնդելով, որ արդյունավետ գործելու համար պետք է ստեղծել համատեղ շտաբ, որի ներքո գործեն քրդական զինված տարբեր միավորումներ, քանի որ Սիրիայի քրդերին պաշտպանող YPG-ն միայնակ անզոր է դիմակայել ահաբեկչներին։

PKK-ի առաջնորդը շեշտել է, թե քրդական մյուս զինված միավորները եթե հրաժարվեն միավորվել, PKK-ն առանց խոսքի միջամտելու է ԻԼԻՊ-ի գործողություններին՝ պաշտպանելով սիրիացի քրդերին։