Թուրքիայի 14 նահանգներում սկսվել է «Մեծ կաշառք» գործողությանը մասնակից ոստիկանների դեմ ձերբակալությունների 2-րդ ալիքը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլը ներառյալ Թուրքիայի 14 նահանգներում օգոստոսի 5-ի առովտյան համաժամանակյա գործողություններ են սկսվել 2013-ի դեկտեմբերի 17-ին «Մեծ կաշառք» գործողությունն» իրականացրած ոստիկանների դեմ։

Խուզարկությունների եւ որոնումների արդյունքում ձերբակալվել են 33 ոստիկան։

Ի տարբերություն առաջին ալիքի, այս անգամ ձերբակալված ոստիկանները ցածր պաշտոններ են զբաղեցնում։

Նշենք, որ ոստիկանների ձերբակալման առաջին ալիքը սկսվել էր հուլիսի 22-ին, երբ ձերբակալվել էին 67 բարձրաստիճան ոստիկաններ եւ ոստիկանապետ, ովքեր ղեկավարել կամ մասնակցել են «Մեծ կաշառք» գործողությանը։

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել համաժամանակյա գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անունը։ Գործողության ժամանակ ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել են նախարարների որդիներ,գործարարներ եւ պաշտոնյաներ։

Էրդողանը պնդում է, որ «Մեծ կաշառք» գործողությունն իրականցրել են Գյուլենի շարժման համակիր ոստիկանները։