Հայաստանի Էներգետիկայի նախարարությունում քննարկել են ցանցում հետադարձ մատակարարմամբ արեւային էլեկտրակայաններ տեղադրելու հարցը: Այս մասին օգոստոսի 5-ին կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի նախագահ Թամարա Բաբայանը: Նրա խոսքով, գերատեսչությունում հանդիպման ժամանակ քննարկվել են հարկային մարմինների հետ հնարավոր հարցերը, որոնք կարող են առաջանալ «Էլցանցի» հետ բաժանորդների փոխվճարային խնդիրների դեպքում, քանի որ նրանք շուտով սկսելու են ոչ միայն սպառել, այլեւ իրենք էլեկտրաէներգիա արտադրել:
Ներկայում Հայաստանում հաստատված չէ արեւային էլեկտրաէներգիան ցանցում բացթողելու սակագինը, այդ պատճառով ցանցի հետ փոխվճարային սակագինը չի կարող լինել ավելի, քան 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի համար: Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի այս սակագինն է գործում տնային տնտեսությունների համար:
«Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ այդ հարցը կլուծվի, եւ արեւային ջրատաքացուցիչներն ու կայանները տարածում կգտնեն: Իհարկե, պետք չէ մոռանալ, որ դրանք ամենուր հնարավոր չէ տեղադրել»,- հավելեց Բաբայանը:
Բազմաբնակարանային շենքերում այն կարելի է տեղադրել միայն տանիքին, իսկ մոնտաժման եւ սպասարկման աշխատանքները պետք է կատարեն մասնագետները՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար: «Մենք «կույր» քարոզչություն չենք ցանկանում անել: Մեկ խափանում՝ եւ մեր հեղինակությունը կընկնի»,- բացատրեց Բաբայանը:




























