Ղրղզստանում ոստիկանները ձերբակալել են մի մարդու, ով կասկածվում է Օժում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնել է Ջալալաբադի մարզի պարետ Կուբատբեկ Բայբոլովը, ով տեղեկացրել է, որ այդ անձը «հայտնի քաղաքական անձնավորություն է», սակայն չի ցանկացել բացահայտել նրա ով լինելը:
Բելբոլովն ընդգծել է, որ կասկածյալն արդեն ցուցմունքներ է տալիս, նշելով, որ զանգվածային անկարգությունների կազամկերպմանն առնչություն ունեն նաեւ այլ քաղաքական կուսակցություններ: Իսկ դրանց նպատակը, ըստ կասկածյալի, երկրում սպասվող հանրաքվեն եւ իշխող ժամանակավոր կառավարությունը տապալելն է:
Անկարգությունները Ղրղզստանի հարավում սկսվել են հունիսի 11-ի գիշերը` միջէթնիկ բախումներից: Իշխանություններին մինչ օրս չի հաջողվում իրավիճակը վերցնել հսկողության տակ: Ղրղզստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով, անկարգությունների ընթացքում զոհվել է 114, հարյւրավոր մարդիկ հոսպիտալացվել են:
Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 14-ին Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարները Մոսկվայում քննարկելու են Ղրղզստանում տիրող իրավիճակն ու այնտեղ կայունացմանն ուղղված քայլերը, որին ներկա են լինելու նաեւ Ղրղզստանի պատվիրակները: Նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Հարցին, թե հնարավո՞ր է ՀԱՊԿ-ն խաղաղապահ ուժեր ուղարկի Ղրղզստան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ նման որոշում կարող է կայացվել միայն այդ կազմակերպության մեջ ներառված բոլոր անդամների հետ խորհրդակցության արդյունքում:
Օրերս Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան դիմել էր Ռուսաստանին` զորք մտցնելու խնդրանքով, սակայն նրա հետ հեռախոսազրույցում Մեդվեդեւը հասկացրել էր, որ Ռուսաստանը մտադիր չէ իր զինված ուժերը մտցնել Ղրղզստան:


























