Փակելով բոլոր այն ընկերությունների բիզնեսի հնարավորությունները, որոնք գործունեություն են իրականացնում Ռամբլա բուլվարում եւ կապ ունեն զբոսաշրջության աշխարհի հետ, Բարսելոնայի քաղաքապետարանը որոշել է խրախուսել գործունեության մի նոր տեսակ:

Քաղաքի վարչակազմը հայտարարել է, որ այսուհետ արտոնագիր տրամադրելիս առաջնահերթություն է տրվելու այն ընկերություններին, որոնք աշխատում են մշակույթի ոլորտում, այսինքն՝ գրախանութներին, պատկերասրահներին, արվեստի կենտրոններին, երաժշտական խանութներին եւ այլն:

Որպես տնտեսական առավելություն՝ նրանց թույլ կտրվի սրճարանային գոտի բացել՝ առավելագույնը 20 քառ. մետր մակերեսով, սահմանափակ աշխատաժամերով: Այս մասին գրում է Noticia կայքը:

Սեփական խոհանոցն ունեցող նոր բարերն ու ռեստորանները, ինչպես նաեւ հյուրանոցները, կարող են բացվել բացառապես նախապես փակված հաստատությունների փոխարեն:

Պատրաստի սնունդ վաճառող բարերն ընդհանրապես կարգելվեն: Համտեսելու վայրերն էլ կմնան միայն Բոկերիայի շուկայում:

Պարասրահներն ու մթերային խանութները հնարավորություն կունենան փոխել իրենց վայրը, սակայն դրանց թիվը պետք է անփոփոխ մնա: