Վրաստանի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի միջեւ ուժի չկիրառում պարտադրող համաձայնագրերի շուտափույթ կնքումը, որոնք Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ժողովուրդներին անվտանգության հստակ սահմաններ կերաշխավորեն, տվյալ պահին անհրաժեշտ է։ Այս մասին՝ օգոստոսի 8-ին, հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին Հարավային Օսիայի ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում։

«Վստահ եմ, որ միայն այդպիսի իրավա-պայմանագրային հիմքը թույլ կտա խուսափել բռնության նոր դռսեւորումներից, կբացառի անցյալ տարվա ողբերգության կրկնվելը», — ասված է Ռուսաստանի նախագահի ուղերձում։ Մեդվեդեւը նաեւ հայտնել է իր համոզմունքը, որ «բոլոր երկրները զերծ կմնան Վրաստանին ռազմամթերք մատակարարելուց»։ Ըստ նախագահ Մեդվեդեւի, միջազգային հանրությունը այս հարցում պիտի համերաշխ պատասխանատվություն ցուցաբերի, որպեսզի «վրաստանյան ղեկավարության մեջ իրենց խնդիրների հնարավոր ռազմական ճանապարհով լուծման հնարավորություն եւ անպատժելիության պատրանք չստեղծվի»։

Մեդվեդեւը ընդգծել է, որ Սարկոզիի անձնական ակտիվ մասնակցությունը «Վրաստան-Հարավային Օսիա ճգնաժամի լուծման հարցում մեծ դեր է ունեցել», նա ասել է, որ հատուկ նշանակություն է տալիս այդ տարածաշրջանում կայունության պահպանման հարցում երկխոսության շարունակությանը։ «Այդ օրերին՝ որպես Եվրամիության նախագահող երկիր՝ Ֆրանսիայի միացումը Սահակաշվիլու սկսած պատերազմի ավարտի առնչությամբ մեր գործադրած ջաներին արդյունավետ ու տպավորիչ էր։ Փաստորեն, 2008 թ-ի օգոստոսի 12-ի եւ սեպտեմբերի 8-ի պայմանավորվածությունները նախկինի պես մնում են միակ „վարքի կոդեքսը“ անդրկովկասյան տարածաշրջանում»,- ասված է Մեդվեդեւի ուղերձում։

Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ Վրաստանում Եվրամիության մոնիտորինգային առաքելության գործունեությունից ընդհանուր առմամբ բավարարված է. "Կարծում ենք, այդ կարեւորագույն միջազգային ինստիտուտների (ԵԱՀԿ եւ ՄԱԿ) տարածաշրջանում գործունեության շարունակման համար համապատասխան ձեւաչափ գտնելու հնարավորությունը պահպանվում է։ Բնականաբար, մեզ հետ պետք է համաձայնվեն բոլոր երեք կողմերը՝ Հարավային Օսիան, Աբխազիան եւ Վրաստանը։

Նրա կարծիքով, 2008թ-ի օգոստոսի իրադարձությունները դեռ երկար կմնան միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. «Ակնհայտ է, որ Սահակաշվիլու բախտախնդրային քաղաքականության արդյունքում Անդրկովկասում ստեղծվեց նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, որում, դժվար թե հնարավոր լինի արհամարհել երկու նորաստեղծ երկրների ինքնուրույն գոյությունը։ Այսօրվա առաջնային խնդիրը բոլորի շահերից բխող, եւ առաջին հերթին տեղի բնակչության, ամուր խաղաղություն եւ անվտանգություն ապահովելն է Անդրկովկասում»։

Մեդվեդեւը նաեւ արտահայտել է իր մտավախությունը վրացական կողմի գործողությունների առիթով՝ "սկսած իրենց «տարածքային ամբողջականությունը» ուժային ճանապարհով վերադարձնելու անդադար հայտարարություններից եւ ամենօրյա ռազմատենչ ճարտասանությամբ, մինչեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի սահմաններում զինուժի կենտրոնացումը եւ սահմանամերձ շրջաններում լուրջ սադրանքները։