Իրաքյան քրդերի «փեշմերգա» ռազմականացված ստորաբաժանումները, որոնք մարտեր են մղում Սիրիայի հետ սահմանակից Ռաբիա քաղաքում, «Իսլամական պետություն» խմբավորման 30 զինյալի են ոչնչացրել: ИТАР-ТАСС-ը, հղում կատարելով քրդական «Ֆիրատ» գործակալությանը, տեղեկացնում է, որ բախումներին մասնակցում են նաեւ սիրիական քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները եւ Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկները:
Ռաբիայում, որտեղ իսլամականների հետ մարտերը շարունակվում են արդեն 4 օր, նաեւ տանկ ու մի քանի մեքենա է ոչնչացվել: Քրդական կազմավորումները կորուստներ չունեն, մի քանի ծայրահեղականներ պատանդառվել են: Սահմանամերձ Ռաբիա քաղաքը քրդերի համար ռազմավարական նշանակություն ունի: Այն տեղակայված է իրաքյան լեռնային Սինջար (Շենգալ) շրջանից հյուսիս եւ Մոսուլից 100 կմ դեպի արեւմուտք:
Իրաքյան փեշմերգան մտադիր է «Իսլամական պետություն»-ից վերցնել նաեւ Սինջարը: Այստեղ զինյալների տեղական ստորաբաժանումներ են կազմավորվել: Պարբերաբար այստեղ բախումներ են գրանցվում քրդերի եւ իսլամականների միջեւ: «Ֆիրատ»-ի փոխանցմամբ, կորուստներ կան միայն «Իսլամական պետության» զինյալների շրջանում, բայց այս խմբավորումը Մոսուլից քրդերի հետ մարտերի շրջան զրահատեխնիկա եւ ծանր զինտեխնիկա է բերում:





























