Ադրբեջանական բոլոր սադրանքներին հայկական կողմի պատասխանները համարժեք են եղել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը:
Նրա համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ներկայիս սրացումը մի քանի պատճառ կարող է ունենալ: «Առաջինը, Ադրբեջանի ռազմական տեսակետից անգրագետ, ոստիկանական անցյալ եւ ադրբեջանական բարձրագույն ղեկավարության հետ բարեկամական կապեր ունեցող պաշտպանության նոր նախարարի ինքնահաստատման փորձն է: Երկրորդ պատճառն այն է, որ, հնարավոր է, ադրբեջանական կողմը մարտի միջոցով որոշել է հետախուզություն անցկացնել՝ հայկական կողմի ունակությունները ստուգելու համար», - նշեց Շիրխանյանը:
Նախկին փոխնախարարի կարծիքով լարվածության աճը կարող է պայմանավորված լինել Ալիեւի՝ երկրի ներսում իր հեղինակությունը վերականգնելու ձգտմամբ: «Հաջորդ պատճառը ղարաբաղյան հակամարտությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավումն է Ադրբեջանի համար շահավետ լուծման նպատակով», - կարծիք հայտնեց Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանական կողմի գործողությունները կարող են նպատակաուղղված լինել Հայաստանում ներքին իրավիճակի ապակայունացմանը՝ խոչընդոտելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը: «Եվ ամենավերջինը ու ամենաքիչ հավանականը՝ Ադրբեջանի կողմնորոշումը դեպի հյուսիս», եզրափակեց պաշտպանության նախկին փոխնախարարը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























