Վերջին օրերին Հայաստանի եւ ԼՂՀ-ի զինված ուժերի ստորաբաժանումները կանխել են Ադրբեջանի կողմից  դիվերսիայի ավելի քան 20 փորձ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ հակառակորդը, գերագնահատելով իր ուժերը, մի քանի հարձակում է նախաձեռնել: Պարբերաբար տարբեր տրամաչափի զենքերից կրակ են բացում հայկական գյուղերի ուղղությամբ:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին փորձել է ստուգել հայ զինվորի մարտական ոգին, բայց հաշվի չի առել, որ հայկական զինված ուժերը համալրվում են նաեւ ճակատում եղած հրամանատարներով, որոնք իրենց փորձն են փոխանցում երիտասարդ սերնդին»,-նշել է նախարարը: Նրա խոսքով՝ զինվորական գաղտնիքից ելնելով, հիմա ինքը ձեռնպահ կմնա հակառակորդի կողմից սահմանի խախտումը կանխելու մանրամասները նշելուց, բայց հետագայում կներկայացվեն ավելի մանրամասն տվյալներ:

«Ցավոք, այդ գործողությունների ընթացքում հայկական կողմը կորուստներ է ունեցել: Հերոսաբար զոհված զինվորները մեր հաղթանակի պահապաններն են: Այդ հերոսների անունները պետք է հնչեն միշտ: Նրանց եւ նրանց նմանների շնորհիվ հաջողվում է պահպանել մեր ձեռքբերումները: Նրանց շնորհիվ ոչ մի հետքայլ չի արվել»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը եւ թվարկել վերջին օրերին զոհված տղաների անունները՝ ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյան, սերժանտ Արարատ Խանոյան, շարքային Ազատ Ասոյան, լեյտենանտ Գոռ Գրիգորյան, կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյան, կրտսեր սերժանտ Արամ Գրիգորյան, Խաչատուր Բադասյան: