Վերջին շրջանում հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն հարձակումները Հայաստանի դեմ քաղաքական պրովոկացիա են ուժային մեթոդներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Սերիկ Տոնոյանը:

«Սա ես համարում եմ Հայաստանի դեմ քաղաքական պրովոկացիա ուժային մեթոդներով, քանի որ շուտով նախատեսված է հանդիպում Սերժ Սարգսյանի,  Ալիեւի  եւ Վլադիմիր Պուտինի միջեւ: Այստեղ Մադրիդյան սկզբունքները ստորագրելու խնդիր կա, Ադրբեջանին Մաքսային միություն ներքաշելու հարց կա: Բացի այդ, Հայաստանին ուժային մեթոդներով ծնկի բերելու ու համաձայնություն ստանալու խնդիր ունեն Ռուսաստանն ու այլ պետություններ: Սադրելով սահմանային բախումներ՝ նրանք տարբեր հարցեր են լուծում»,-ասաց նա՝ նշելով, որ վերջին մարտական գործողությունները ևս մի անգամ թշնամուն ապացուցեցին, որ հայ ազգին հաղթել հնարավոր չէ:

Սերիկ Տոնոյանի կարծիքով՝ Ադրբեջանի զինված ուժերը միշտ էլ ձախողելու են, քանի որ Ադրբեջանը սահման է ուղարկում վարձկան այլազգիների՝ թալիշների կամ լեզգիների:

«Այժմ Ադրբեջանն իզուր զոհեր է տալիս մեր սահմանին պրովոկացա անելով, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգությունների միջեւ: Դեռ արցախյան պատերազմի  ժամանակ նրանք ցույց տվեցին, որ ոչ մի բանի պետք չեն պատերազմում, դրա համար սկսեցին վարձկաններ բերել, բայց դե նրանք էլ չկարողացան իրենց դեմ դրված խնդիրը լուծել ու հասկացան, որ հայ ազգը անպարտելի է»,-ասաց ազատամարտիկը:

Ըստ Սերիկ Տոնոյանի՝ առկա լարվածությունը չի վերածվի լայնածավալ ռազմական գործողությունների. «Լայնածավալ պատերազմ այս պահին  հնարավոր չէ: Կովկասը կպայթի հնարավոր պատերազմի դեպքում, իսկ դա ոչ մեկին էլ ձեռնտու չէ: Սրանք քաղաքական մարտական գործողություններ են, չկա պատերազմի վտանգ այս պահին»:

Ազատամարտիկը նշեց, որ ազատամարտիկներն ամեն պահի պատրաստ են մեկնել մարտական դիրքեր, կանգնել հայ զինվորի կողքին եւ դա իրենց պարտականությունն է:

«Ազատամարտիկների պարտականությունն է կանգնել զինվորների կողքին, միայն թե այս կռիվը դեռ պատերազմի սկիզբ չէ, և հարկ չկա ջոկատներ հանել սահման, իսկ ջոկատների սահման մեկնելը ազատամարտիկներին կստիպի գնալ առաջ: Սակայն մենք ամեն րոպե պատրաստ ենք՝ գիշեր թե ցերեկ, ճիշտ ժամանակին: Իսկ հակառակորդը՝ լինի աշխարհիկ քաղաքացի, թե մասնագիտացված ռազմիկ, եթե ոտնձգություն անի մեր սահմանին, հաստատ մի փոքր հողատարածք կունենա իր հուղարկավորման համար»,-ասաց ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին սահմանին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: