Հայաստանն ու Ադրբեջանն ավելի շատ Ռուսաստանի ազդեցության գոտում են, քան Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի: Այս մասին օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ֆրանսիական եւ ամերիկյան կողմերի նախաձեռնություններին ու ռուսական կողմի նախաձեռնությամբ Սոչիում նախանշված հանդիպումների մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին:

Նրա խոսքով, կողմերը կարծում են, որ Ռուսաստանի միջնորդությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան Ֆրանսիայինն ու Միացյալ Նահանգներինը: «Իհարկե, նախագահների հանդիպումից հետո լարվածությունը փոքր-ինչ կթուլանա: Երկու նախագահների զրույցը պետք է այդ հունով ընթանա»,- նշեց Շիրխանյանը՝ միաժամանակ հավելելով, որ հայկական կողմը գործ ունի տգետ, անկիրթ եւ բոլոր պայմանավորվածությունները խախտող հարեւանի հետ: Հայաստանի դեմ Ադրբեջանի պատժամիջոցների առաջարկին բանախոսը հումորով է վերաբերվում:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումներին՝ Վահան Շիրխանյանը չբացառեց, որ այդ հանդիպումների ընթացքում քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայման հարցը: «Սակայն մինչ այժմ խաղաղարար ուժերի անհրաժեշտություն չի եղել»,- ընդգծեց նա: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ նախանշված են Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: