Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի նոր 100 դեպք: Հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի վիճակագրական տվյալներ ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքների եւ քիմիաթերապիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Գրիգորի Բադալյանը: Վերջինս նշեց, որ ուռուցք ունեցող մանուկների միայն 60- 65 տոկոսին է հաջողվում լիովին բուժել: Իսկ ընդհանուր առմամբ, Բադալյանի խոսքով, մանկական ուռուցքների եւ քիմիաթերապիայի բաժնում տարեկան բուժվում են 200-250 երեխա: Մանկական ուռուցքաբանի խոսքով, մինչեւ 16 տարեկան երեխաների մոտ հիմնականում լինում են գլխի տուփի, միջնորմի, կամ որովայնի ուռուցքներ:
Գրիգորի Բադալյանը նշեց, որ ամենաշատ ուռուցքներ հիմնականում հայտնաբերվում են 2-4 տարեկան երեխաների մոտ եւ դրանք հիմնականում լինում են բնածին: Քացկեղ հաճախ հանդիպում է նաեւ 10-12 տարեկանների մոտ:
Չարորակ ուռուցքով` քաղցկեղով երեխաների բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակում, որի համար պետությունը ամեն հիվանդի տրամադրում է 170 հազար դրամ: Բադալյանի հավաստմամբ, դա որոշ հիվանդների դեպքում բավականացնում է, որոշների դեպքում` ոչ:
Գրիգորի Բադալյանը մտահոգիչ է համարում Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսորներին աշխատանքից ազատելը։ Ի դեպ հենց այս ամբիոնում էլ նա դասավանդում էր նաեւ մանկական ուռուցքաբանություն։
«Փակեցին, վերացրեցին մանկական ուռուցքաբանության դասավանդումը համալսարանում, առանց հիմնավորման եւ բացատրության»,- ասաց նա՝ ընդգծելով, որ շատ կարեւոր է Հայաստանում մանկական ուռուցքաբանության մեկ ընդհանուր կենտրոնի ստեղծումը: «Պետք է միացնել եւ կենտրոնացնել բոլոր ուժերը: Մեր փոքրիկ երկրում չպետք է լինեն առանձին բաժիններ, պետք է լինի մանկական ուռուցքաբանության մեկ ուժեղ կենտրոն, որը հավաքագրի քաղաքացիներին, հովանավորներին ու պետական աջակցությունը»,-նշեց նա:




























