Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն հարձակումների պատճառով հայաստանաբնակների մոտ առաջացած խուճապի մասին լուրերը սուտ են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ավագ հետախույզ Վարդան Ենոքյանը։

«Չգիտես ինչու՝ շշուկներ կան, թե ժողովրդի մեջ խուճապ կա։ Ես մեզ մոտ խուճապ բացարձակ չեմ տեսնում, հակառակը՝  այն տեսնում եմ հակառակորդի մոտ։ Համացանցում նույնիսկ տեսել եմ, թե ինչպես են նրանք մեքենաները բարձրացած հեռանում իրենց գյուղերից, իսկ մեր գյուղերում կամ սահմանում տեսնում եմ, որ մեքենաները բարձած գնում են սահման»,- ասաց Վարդան Ենոքյանը։

Մեկ այլ հետախույզ Արտակ Բագրատյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմն իրականում փորձարկում էր իրենց դիվերսանտների կարողությունները՝ նպատակ ունենալով համեմատել կողմերի ուժերը։ «Նրանք ուզում էին տեսնել, թե որտեղ են տեղակայված մեր զորամիավորումները, թե ինչ հնարավորություններ ունենք մենք եւ դրանք համեմատել»,- ասաց նա՝ նշելով, որ զոհերից խուսափելու համար անհրաժեշտ է արդիականացնել  սահմանամերձ տարածքների պաշտպանությունը, տարբեր տեխնիկական միջոցներ կիրառել՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից մինչեւ սեյսմիկ դատչիկներ, որոնք արձանագրում են նույնիսկ հողի թեթեւ շարժը։

Ըստ հետախույզ Վովա Վարդանովի՝ շատ կարեւոր է, որ Հայաստանի բոլոր բուհերում ռազմական ամբիոններ լինեն, որպեսզի բուհ ավարտած յուրաքանչյուր տղա տիրապետի ռազմական գիտելիքների ու անհրաժեշտության դեպքում առանց բացառության մեկնի սահման՝ հայրենիքը պաշտպանելու։

«Մեզ պետք չեն բոլոր այն դիպլոմ ունեցողները, որոնք չեն ծառայել բանակում, մեզ պետք չեն բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն ծառայել բանակում։ Ի՞նչ իրավունք ունի բանակում չծառայած պաշտոնյան պաշտոն ունենալ։ Թող ռադ լինեն, էդ պաշտոնի համար մենք ուրիշ, ծառայած մեկին կգտնենք»,- վրդովված ասաց նա։

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ, 30 վիրավոր: