Բաքուն պատրաստ չէ պատերազմի: Այսօր՝ օգոստոսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի բարձագոչ հայտարարությունները ցուցադրական բնույթ են կրում եւ Երեւանի համար ոչ մի լուրջ սպառնալիք չեն ներկայացնում:

«Պատերազմը խոշոր ֆինանսական ներդրումներ, լուրջ տնտեսական կորուստներ եւ ավելի շատ մարդկային կորուստներ է ենթադրում, ինչին այսօր Ադրբեջանը պատրաստ չէ», - պարզաբանեց քաղաքագետը:

Նրա կարծիքով, սահմանի լարվածության աճը հետեւյալ բացատրությունն ունի:

Առաջին հերթին, օգտվելով առիթից, որ համաշխարհային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի վրա՝ Ադրբեջանը որոշել է «շոշափել» հայկական զինված ուժերի մարտունակությունը:

Երկրորդը, Ասատրյանը ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ ԻՇԻՊ-ի շարքերում այսօր հարյուրավոր ադրբեջանցի զինյալներ են պատերազմում: Դրանից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական հանրությունում սկսում են թափ հավաքել ծայրահեղական իսլամական հոսանքները, ինչը սպառնում է ինչպես ազգային անվտանգությանը, այնպես էլ իշխող ռեժիմին: «Հետեւաբար, չի բացառվում, որ ադրբեջանական իշխանությունները, դիմելով սահմանին լարվածության շիկացմանը, փորձում են մոբիլիզացնել ծայրահեղական իսլամիստներին եւ նրանց ուղղորդել արտաքին թշնամու, այսինքն՝ Հայաստանի դեմ»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am