Մայիսի 31-ին այսպես կոչված «Ազատության նավատորմի» միջադեպը հարկադրել է ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների հանդես գալ Թուրքիային, այլ ոչ՝ Իսրայելին դատապարտող հայտարարություններով: Կոնգրեսմենները նշել են, որ Անկարան շարժվում է ԱՄՆ թշնամիների՝ Իրանի եւ ՀԱՄԱՍ-ի ուղղությամբ: Այդ մասին The Washington Times թերթում գրած հոդվածում գրել է Ռոան Սքարբորոն:
Հեղինակը նկատում է, որ բազում տարիների ընթացքում Թուրքիան հատուկ տեղ է գրավել ՆԱՏՕ-ի դաշնակիցների շարքում: Թուրքիան հանդես է եկել արաբա-իսրայելական երկխոսությունում: Բայց այդ հարաբերությունները սկսեցին փչանալ դեռ մի քանի տարի առաջ, եւ այժմ Կոնգրեսի մի քանի անդամներ նորովի եւ քննադատաբար են նայում Թուրքիային:
Իշխանության գալով 2002թ.՝ Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ավելի սերտ կապեր է հաստատել Իրանի եւ ՀԱՄԱՍ-ի հետ:
Վարչապետ Էրդողանն ԱՄՆ-ի հետ վեճում անցել է Իրանի կողմը: ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Թեհրանի դեմ, սակայն Թուրքիան դեմ քվեարկեց Անվտանգության խորհրդում կայացած քվեարկության ժամանակ:
Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մեկնաբանել էր Թուրքիայի քվեարկությունը հետեւյալ կերպ. «Ես ազնիվ կլինեմ: Հիասթափված եմ Իրանի դեմ պատժամիջոցների հարցով Թուրքիայի որոշմամբ»:

























