Վրաստանը խաղաղ ճանապարհով եւ իր տնտեսական ու ժողովրդավարական զարգացման եղանակով անպայման հաղթելու է «ռուս զավթիչներին» , չնայած այն բանին, որ 2008 թ-ի օգոստոսին, Ռուսաստանը էթնիկական զտում է իրականացրել եւ դրանով իսկ ողջ մարդկության առջեւ մեղավոր է։

Այս մասին, օգոստոսի 7-ին Գորիում հայտնել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ միջոցառումների շրջանակներում հատուկ հայտարարության ժամանակ, հաղորդում է GHN-ը։

«Այն բանից հետո, երբ բազմաթիվ տնտեսական շրջափակումները սպասվող արդյունքը չտվեցին, նախկին ԿԳԲ-ի ժառանգները որոշում կայացրին վերջակետ դնել այսպես կոչված „Վրաստանի ծրագրին“, ինչպես նաեւ Կովկասում ժամանակակից եվրոպական ժողովրդավարական պետություն ստեղծելու մեր ծրագրին», -ասել է Վրաստանի նախագահը։

Ըստ Սահակաշվիլու, Վրաստանի բոլոր քաղաքացիները՝ անկախ քաղաքական, պաշտոնեական կամ սոցիալական տարբերությունից, պետք է մոռանան իրենց տարաձայնությունները եւ միավորվեն Վրաստանի անկախության պայքարի համար։

"Մենք գիտենք, թե ում հետ է մեր պայքարը։ Բայց, մեր ուժն այն է, որ մենք լավ գիտենք, թե ում դեմ ենք պայքարում եւ ինչի համար՝ ազատ Վրաստանի համար։ Ես ուզում են կոչ անել Վրաստանի ողջ բնակչությանը՝ միավորվել Վրաստանի ազատության համար։ Ես չեմ մերժում մեր ներքին տարաձայնությունները եւ չեմ խուսափում ընդդիմությունից, բայց երբ ծառացած է մեր երկրի փրկության հարցը՝ հորդորում եմ բոլորին միավորվել։ Միայն միասնականությունն է ուժ հանդիսանում։ Զավթիչների դեմ մեզ միավորող միակ նպատակը՝ ազատ Վրաստանն է։

Այսուհանդերձ, Վրաստանի նախագահը հիշեց 2008 թ-ի օգոստոսին զոհված մարդկանց, նշելով, թե նրանց անունները լցնում են իր սիրտը «անսահման թախիծով, հարգանքով եւ սիրով»։