Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախաձեռնությամբ Մերսին նահանգի Աքդենիզ քաղաքում տեղի ունեցած միջոցառմանը Վանից ընտրված քուրդ պատգամավոր Օզդալ Ուչերը հայտարարել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ազատ արձակել ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանին։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Աքդենիզի մարզադաշտում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ, պատգամավոր Օզդալ Ուչերը, հիշյալ կուսակցության Մերսինի նահանգային ղեկավարը եւ Աքդենիզի քաղաքապետը։
Թուրքական խորհրդարանի պատգամավոր Օզդալ Ուչերը նշել է, որ թուրքական իշխանությունները վախենալով քուրդ երեխաներից՝ նրանց են թիրախ ընտրել, եւ հարյուրավոր քուրդ երիտասարդներ եւ երեխաներ են սպանվել։ «Իշխանությունները վախենում են քուրդ երեխաներից, որովհետեւ հասկացել են, որ քուրդ երեխաները, երիտասարդները միավորվել են մեծահասակների հետ եւ ազատություն են ուզում»,- նշել է քուրդ պատգամավորը։
Ըստ Օզդալ Ուչերի՝ անհրաժեշտ է ազատ արձակել Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանին, որպեսզի վերջինս կարողանա աջակցել խաղաղության հաստատմանը։
Նշենք, որ PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը, թուրքական Իմրալը կղզու հատուկ կալանավայրում 1999-ից ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ բազմաթիվ սպանություններ եւ պայթյուններ կազմակերպելու մեղադրանքով։

























