Մայիսի 21-ին փլուզվել էր մայրաքաղաքի Հրազդանի կիրճի` Երեւանի ՀԷԿ-ի հարեւանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում նախ մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ փլուզումը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման հետեւանք էր: Սա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման եւ այլ հետազոտություններ են անցկացրել «Հայջուրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետները:
Մինչ ճանապարհային բուն հատվածի վերականգնման աշխատանքները՝ անցկացվել է ջրահեռացման խողովակ, ուր լցվում են ճանապարհին հարակից ջրավազանից հոսող ջրերը եւ թափվում Հրազդան գետ: Կառուցվել է նաեւ դրենաժային համակարգ`ստորգետնյա ջրերի հոսքը կարգավորելու համար: Ներկայում, կոմունիկացիոն աշխատանքներին զուգահեռ, ընթանում են նաեւ փլուզված ճանապարհահատվածի վերականգնման նախնական աշխատանքները:





























