Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը Ուկրաինայում պարտություն կրած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ Հարավային Կովկասում խաղաղարար նախաձեռնությամբ հանդես գալու ակնհայտ փորձ է: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-9-ը Սոչիում Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ առանձին-առանձին հանդիպումը:
Սեդրակյանի կարծիքով՝ սա, ըստ էության, երկու նախագահների հանդիպում է: «Ինձ համար երրորդ նախագահը (Վլադիիր Պուտին-խմբ.) պարզապես հանդիպումը կազմակերպող միջնորդ է: Այնտեղ մենք պետք է անկախ մոտեցում ցուցաբերենք: Սա միջնորդության փորձ է, այլ ոչ թե վայր, որտեղ ինչ–որ մեկը խոսում է, իսկ մնացածները՝ իրականացնում նրա հրամանը», - նշեց Սեդրակյանը: Նախագահների հանդիպումից հետո Սեդրակյանը սահմանին ժամանակավոր հանգստություն է կանխագուշակում, սակայն, նրա համոզմամբ, այդ հանգստությունը ժամանակավոր կլինի: Անուշ Սեդրակյանը միաժամանակ նաեւ հայտնեց, որ շատ ուտոպիստական է Ադրբեջանին՝ որպես խաղաղ գործընկերոջ ընկալումը, քանի որ այդ պետությունը քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին մեկուսացնում է որոշումների ընդունման գործընթացից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ից 9-ը Սոչիում առանձին հանդիպումներ են նշանակված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Չի բացառվում նաեւ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:





























