Հայաստանում դպրոցները հիվանդ են եւ դարձել են քաղաքականացված օբյեկտներ, որոնք ընտրությունները կազմակերպելու համար ստացել են նոր գործառույթներ: Այսօր` հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատականով հանդես եկավ գրող, դրամատուրգ, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը՝ հավելելով, որ դպրոցներում տնօրեններն ընդունվում են հենց այդ գործառռւյթն իրականացնելու նկատառումով, եւ դրա համար էլ դպրոցները կուսակցականացված են ու կոռումպացված:
«Ուսուցիչների աշխատավարձը, որը չի համապատասխանում իսկական ուսուցչի աշխատավարձին, ով գալիս է դպրոց ոչ թե ստանալու, այլ տալու, սրան գումարած նաեւ հեռուստաեթերից հնչող բռնաբարված հայոց լեզուն, բերում են նրան, որ այն տեղում, որը ոգեղեն էր ու հոգի կար, ստեղծվի օտարալեզու դպրոց ունենալու գաղափարը»,- նշեց նա:
Անդրադառնալով օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությանը՝ Խոդիկյանն ասաց. «Դատարկ տեղը ոչինչ չի ծնվում, եթե այսօր մեր կրթական համակարգը լիներ իր բարձրության վրա, եթե ամեն ինչ նորմալ լիներ մեր դպրոցներում, հավատացեք, նման խոսակցության խնդիր չէր առաջանա, քանի որ մենք ունեցել ենք, օրինակ՝ Ներսիսյան դպրոց, որը հայագիտության հիմք է տվել սովորողներին, որոնցից յուրաքանչյուրը մեկից ավելի օտար լեզուների է տիրապետել»: Նա համոզմունք հայտնեց, որ եթե նույնիսկ նախագիծն անցնի, այն ժամանակավոր է լինելու:
«Եթե մեր ներքին դիմադրողականությունը վերջնականապես չի քնել, ապա ես համոզված եմ, որ եթե նույնիսկ այս նախագիծը հանկարծ հաղթի, ժամանակավոր է լինելու։ Չնայած էլի հույսեր ունեմ, որ չի լինի»,- ասաց նա՝ ընդգծելով. «Գուցե այս ամենը պետք էր, որպեսզի հասարակությունը հասկանա՞, որ կրթության բնագավառի պատասխանատուները թերացել են, եւ գուցե հասարակությունը պետք է պահանջի՞, որ դպրոցի ամբողջ խնդիրների համալիրին հերթով լուծում տրվի»:
Հարցին, թե ինչու է կարծում, որ այդ նախաձեռնությունը կյանքի կոչվելու դեպքում ժամանակավոր է լինելու, Կ. Խոդիկյանը պատասխանեց. «Դրա հիմքը մեր ժողովրդի իմաստնությունն է, մեր ժողովրդի դիմակայությունը, համենայն դեպս՝ գոնե ինքնապահպանման բնազդը, որը, կարծում եմ, ժողովրդի մոտ վերացած չէ, որովհետեւ լեզվի կորուստը քո տեսակի, քո նկարագրի, քո գենոտիպի կորուստն է»։


























