Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները Թբիլիսիում քննարկել են իրավիճակը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե այդ հարցը հիմնականն էր փակ դռների ետեւում իրենց մեկուկես ժամանոց հանդիպման ընթացքում:

«Մենք տեղեկություններ ենք հաղորդել մեր հայ գործընկերներին այն իրավիճակի վերաբերյալ, որ ձեւավորվել է օկուպացված տարածքներում»,- ասել է Վաշաձեն: Նա նաեւ հավելել է, թե հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցության առումով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«Մենք մեր գործընկերներից համակողմանի տեղեկատվություն ենք ստացել, նաեւ քննարկել ենք էթնիկ հայերի վիճակը»,- իր հերթին հայտարարել է Նալբանդյանը:

Նա ընդգծել է, թե Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ չկան հարցեր, որոնք հնարավոր չէ կարգավորել: «Մենք սերտ շփումների մեջ ենք եւ մշտապես խորհրդակցում ենք»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: