ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, օրերս համաներմամբ ազատ արձակված Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը՝ Վարդան Ջհանգիրյանն այժմ գտնվում է Եվրոպայում եւ ինտենսիվ բուժում է ստանում: Վարդան Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Վարդան Ջհանգիրյանն իրեն անհամեմատ լավ է զգում:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մարտի 31-ին 3 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել Վարդան Ջհանգիրյանին՝ նրան նաեւ արգելելով բուժման նպատակով լքել հանրապետությունը: Իսկ արտերկրում բուժումը Վ.Ջհանգիրյանին իսկապես անհրաժեշտ էր" Նա տառապում է ողնաշարի տուբերկուլյոզ հիվանդությամբ եւ լուրջ առողջական խնդիրներ ուներ. չէր կարողանում շարժվել առանց հենակների օգնության: 2008թ. Փետրվարի 23-ին Վարդան եւ Գագիկ Ջհանգիրյաններն ավազակային հարձակման էին ենթարկվել 6-րդ վարչության ոստիկանների կողմից՝ Արգավանդի խաչմերուկում. Ոստիկաններից Ռաֆիկ Մուրադյանը «երկու» կրակոցով վիրավորել էր երեք հոգու, այդ թվում՝ Վարդան Ջհանգիրյանին: Դրանից հետո դատախազությունը փոխանակ պատասխանատվության կանչեր հանցագործ ոստիկանին, Վարդան Ջհանգիրյանին էր մեղադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ամիսներ տեւած դատաքննության ընթացքում Վարդան Ջհանգիրյանը մշտապես խնդիրներ էր ունենում դատարան ներկայանալու հետ եւ ամեն անգամ դատավորն ու մեղադրող Կորյուն Փիլոյանը նրան բերման ենթարկելու որոշում էին ընդունում, թեեւ բժիշկները մի քանի անգամ դատարանին տեղեկացրել էին, որ Վարդան Ջհանգիրյանն ի վիճակի չէ ներկայանալ դատարան:
Վարդան Ջհանգիրյանին արտերկրում բուժվելու հնարավորություն ընձեռել էր Վերաքննիչ քրեական դատարանը: Դատավոր Մասիս Ռեհանյանը հունիսի 5-ին կասեցրել էր գործը, եւ հունիսի 9-ին Վարդան Ջհանգիրյանը մեկ ամսով մեկնել է Եվրոպա: Այժմ նա բուժվում է գերմանական կլինիկաներից մեկում եւ, ըստ պաշտպանի ու հարազատների, իրեն շատ լավ է զգում եւ մոտ երկու շաբաթից կվերադառնա Երեւան:
Լուսինե Սահակյանը մեզ նաեւ հայտնեց, որ Վ.Ջհանգիրյանի վերադարձից հետո վերսկսվելու է գործի լսումը, թեեւ հնարավոր է, որ կրկին դրսում բուժվելու անհրաժեշտություն առաջանա:
Պաշտպանը նաեւ նշեց, որ իրենք Վճռաբեկ բողոք են ուղարկել օրերս համաներմամբ ազատ արձակված Գագիկ Ջհանգիրյանի մասով, որին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի նախագահ ժորա Վարդանյանը դատապարտել էր 3 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչը վճիռը թողել էր անփոփոխ: «Նրան պետք է արդարացնեին, ոչ թե համաներեին: Համաներում են մեղավորներին, իսկ Գագիկ Ջհանգիրյանն անմեղ է, եւ համաներումն իրենց պետք չէր: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք իրենց արդարադման համար»,- NEWS.am-ին ասաց պաշտպանը եւ հավելեց, որ Վճռաբեկ դատարանի մեղադրական վճռից հետո իրենք բողոքարկելու են նաեւ Եվրոպական դատարան:



















