Եթե իրավիճակը Ղըրղզստանում չկայունանա առաջիկա մեկ-երկու օրում, Ռուսաստանը ստիպված է լինելու միջամտել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտոթյունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Իմ կարծիքով, Ղըրղզստանի դեպքերը ապակայունացման նոր փուլ են, որն այնտեղ սկսվել է: Ընդ որում, վերջին տվյալներով, ռուս դեսանտայինների մեկ գումարտակ է գտնվում այնտեղ»,- հայտնել է փորձագետն ու հավելել. «Ավելի լայն միջամտության համար պահանջվում է ավելի լայն ֆորմատի որոշում: Եթե իրավիճակը Ղըրղզստանում չկայունանա, Ռուսաստանը ստիպված է լինելու միջամտել, որովհետեւ իրենից բացի այլ ուժ չեմ տեսնում, որը ցանկություն կունենա միջամտելու այդ բավականին կեղտոտ եւ իռացիոնալ հակամարտության մեջ»: Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն այժմ քննարկում է Ղըրղզստան զորք ուղարկելու հարցը, Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Կարծում եմ՝ ինչ փաթեթավորում էլ տանք հնարավոր միջամտությանը, խոսքը գնում է միայն ռուսական միջամտության մասին, անունը ՀԱՊԿ լինի, թե այլ բան: Նախ ռուսները շահագրգռված չեն այլոց միջամտությամբ, եւ, երկրորդը, կարողության խնդիր է»:
Փորձագետն անդրադարձավ նաեւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան երկու ինքնաթիռ է ուղարկելու Ղըրղզստան՝ իր քաղաքացիներին տարհանելու նպատակով: «Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվացմանը, իհարկե կա որոշակի քարոզչական տարր, բայցեւայնպես կարծում եմ, որ սա թելադրված է իր քաղաքացիների ճակատագրի նկատմամբ Թուրքիայի մտահոգությամբ: Թուրքիայի քաղաքացիներն իրոք երկու ինքնաթիռի չափով գտնվում են Ղըրղզստանում, եւ նրանց դուրս բերելու խնդիր կա: Իրավիճակը քաոսային է, եւ երաշխիք չկա, որ կատաղած ղըրղզական զանգվածն ուզբեկներից հետո չի անցնի թուրքերին»,- ամփոփեց փորձագետը:
Նշենք, որ վերջին օրերին Ղըրղզստանի հարավում տեղի ունեցած ազգամիջյան բախումներին զոհ է գնացել 117 մարդ: Մոտ 75 հազար ուզբեկներ հարկադրված լքել են Ղըրղզստանի տարածքը:



























