Ֆրանսիայում կալանքից ազատ է արձակվել Արշակ Օհանյանը, որը 2011-ի օգոստոսին, հոր մահից հետո, մոտ 2 տարի ձգվող նախաքննության ընթացքում գտնվել է անազատության մեջ:

24-ամյա երիտասարդը, որին սեփական հորը՝ Հարություն Օհանյանին, սպանելու մեղադրանք է առաջադրվել, մշտապես ժխտել է իր մասնակցությունը հոր սպանությանը: Այս մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն՝ վկայակոչելով «Les Dernieres Nouvelles d’Alsace» թերթը:

Ստրասբուրգում կնոջ եւ երկու որդիների հետ բնակվող, քաղաքական ապաստան ստացած 47-ամյա Հարությունի այրված մասունքները հայտնաբերվել էին նրա հրդեհված «Renault» ավտոմեքենայում, որը գտել էին եգիպտացորենի արտում:

Քննիչների կասկածները շատ արագ կենտրոնացել են ընտանիքի անդամների, մասնավորապես, ավագ որդու վրա: Բանն այն է, որ վերջինիս դեմքին եւ ձեռքերի վրա տարօրինակ այրվածքներ կային:
Ողջ հետաքննության, ինչպես նաեւ ուղղիչ դատարանում Արշակ Օհանյանը կրկնել է, որ իր այրվածքները ստացել է մեքենայի հովացուցիչի գոլորշուց: Դատարանի նախագահ Սոֆի Թոմանը նշել է, որ ոչ մի փորձաքննություն չի հաստատել երիտասարդի ասածը:

Դատավորները որոշել են, որ Արշակ Օհանյանն իսկապես մեղավոր է դիակը թաքցնելու եւ ապացույցները ոչնչացնելու մեջ: Նրանք Արշակին դատապարտել են երկու տարվա ազատազրկման, սակայն նա արդեն երկու տարի անցկացրել է անազատության մեջ, ուստի Արշակ Օհանյանին ազատ են արձակել: