Ամերիկյան Կիրառական գենոմիկայի կենտրոնի գիտնականները մի գեն են հայտնաբերել, ավելի ճիշտ՝ p.Tyr362His գենի մի տարբերակը, որն իր կրողին հնարավորություն է տալիս քնել 5 ժամից պակաս եւ լավ զգալ:

Պարզվում է, որ վերոնշյալ գենը կրողները նախընտրում են ավելի քիչ քնել: Ընդ որում, նրանք 38 ժամ անքուն անցկացնելուց հետո ավելի լավ են գլուխ հանում ինտելեկտուալ հարցերից, իսկ հետո նրանց ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար:

Գիտնականները, սակայն, ընդգծում են, որ քունը կենսաբանական անհրաժեշտություն է, այլ ոչ թե մարդու անձնական ընտրությունը: Մեծահասակների մեծ մասին ամեն գիշեր նվազագույնը 7-ժամյա քուն է հարկավոր՝ առողջությունը պահպանելու եւ նորմալ աշխատելու համար:

Սակայն նաեւ բացառություններ են լինում, որոնց թվում են, օրինակ ԱՄՆ հիմնադիր-հայրերից Բենջամին Ֆրանկլինը եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը: Այս մասին գրում է «Вокруг света» ամսագիրը:

Հիշեցնենք, որ մանկության տարիներին քնի պակասը հանգեցնում է ճարպակալման, դեպրեսիայի եւ արյան բարձր ճնշման հավանականությունը: Իսկ ահա մեծահասակների պարագայում քնի պակասը՝ նստակյաց կենսակերպի եւ շատ ուտելու համադրությամբ, մեծացնում է շաքարախտի վտանգը եւ կարող է հանգեցնել քաղցկեղի մի քանի տեսակների զարգացմանը: