ԵԱՀԿ Միսնկի խումբն ինքն իրենով հակամարտությունների կարգավորման մեխանիզմ չէ, դա հակամարտող կողմերի միջեւ միջնորդություն իրականացնող ձեւաչափ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հակամարտությունների հետազոտության եւ վերլուծության բրիտանական անկախ կենտրոնի տնօրեն Քրիսթոֆեր Լենգթոնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի ներկա լարման հարցում միջազգային կառույցների դերին:

Նրա խոսքով՝ միայն հակամարտող կողմերը կարող են երկկողմ բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով հասնել խնդիրների կարգավորման:

Անդրադառնալով Բաքվի կողմից վերջին ագրեսիվ գործողությունների իրական պատճառներին, նա ընդգծել է, որ շատ դժվար է նշել ներկա լարվածության իրական պատճառները: «Նախկինում եւս մենք հաճախ ականատես էինք լինում հակամարտության գոտում բռնության աճի՝ դրանից բխող պատասխան հետեւանքներով, ուստի նախնական պատճառը այդպես էլ պարզ չի դառնում»,-ասել է Լենգթոնը:

Նա ընդգծել է, որ միջազգային խաղացողները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես, առաջնահերթ դեր են խաղում կողմերին բռնության աճի վտանգավորության մասին նախազգուշացնելու հարցում:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը մի շարք դիվերսիոն գործողություններ է ձեռնարկել, բայց բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: