Ներկայումս ԼՂ հակամարտության գոտի միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու համար հարմար առիթ որոշնելու անհրաժեշտություն չկա, եւ եթե նույնիսկ նման առիթ գտնվի, այդ ուժերը կարող են տեղակայվել միայն Երեւանի եւ Բաքվի ցանկության դեպքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հակամարտությունների հետազոտման եւ վերլուծությունների բրիտանական անկախ կենտրոնի տնօրեն Քրիսթոֆեր Լենգթոնը՝ մեկնաբանելով մի շարք վերլուծաբանների կարծիքն այն մասին, որ իրավիճակի ներկա լարվածությունը կարող է Ղարաբաղ միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու առիթ դառնալ:
Հարցին, թե ներկա լարվածությունը կապ ունի՞ ուկրաինական ճգնաժամի եւ ընդհանրապես միջազգային իրավիճակի հետ, փորձագետը պատասխանել է, որ վերջին օրերին բռնության աճը ուղիղ առնչություն չունի ուկրաինական դեպքերի հետ, նույնիսկ այն դեպքում, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շահեր ունեն Ադրբեջանում:
«Եկեք չմոռանանք, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նաեւ ուժեղ կապեր ունեն Հայաստանի հետ: Լարվածության աճի ամենահավանական պատճառը ամռան ազդեցությունն է զինվորական եւ քաղաքական գործիչների որոշումների վրա, եղանակային պայմանները բարենպաստ են ռազմական գործողությունների համար»,-կարծիք է հայտնել Լենգթոնը:
Վերջին օրերին ադրբեջանական կողմը մի շարք դիվերսիոն գործողություններ է ձեռնարկել շփման գծում, բայց բոլոր դեպքերում հետ է շպրտվել:
Պաշտոնական Բաքուն ընդունել է ավելի քան 20 զինծառայողների մահը: Ադրբեջանական դիվերսիաները հետ մղելիս զոհվել է 7 հայ զինծառայող:





























