ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ռազմական թեւի առաջանորդները հրաժարվել են երկարաձգել մինչեւ օգոստոսի 8-ի առավոտյան Գազայի հատվածում Իսրայելի հետ հաստատված եռօրյա հրադադարը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հրադադարի պայմանները խախտվել են պաղեստինյան ծայրահեղականների կողմից. վերջիններս Իսրայելի հարավային ուղղությամբ երկու հրթիռ են բաց թողել: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մեկ ամիս շարունակվող հակամարտության արդյունքում ավելի քան 1700 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ են զոհվել:

Մինչեւ հրադադարի հայտարարությունը տարածաշրջանում մոտ մեկ ամիս շարունակվում էր Իսրայելի «Անպարտելի ժայռ» ռազմական գործողությունը: Դրա նպատակը ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից ստեղծված եւ իսրայելական տարածք ներթափանցման նպատակ հետապնդող «հարձակողական թունելների» ցանցի ոչնչացումն էր:

Գազայի հատվածում հակամարտության 4 ամիսների ընթացքում զոհվել է մոտ 1700 պաղեստինցի: Իսրայելն, իր հերթին, հաղորդում է 67 իսրայելցիների մահվան մասին: