ԱՄՆ օդային հարվածները Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի ուղղությամբ չեն պահանջում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, եթե դրանք տեղի ունենան Բաղդադի խնդրանքով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ալեքսիս Լամեկը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Եթե դա արվի, ապա, որքան ես եմ հասկանում, միայն իրաքյան կողմի խնդրանքով: Դրա համար ՄԱԿ-ի ԱԽ թույլտվությունը չի պհանջվում»,-ասել է դիվանագետը:
Հարցին, թե արդյոք Ֆրանսիան ճիշտ քայլ է համարում իսլամիստներին հարվածելը, նա պատասխանել է. «Դա իրականում անհրաժեշտ է համարվում»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է մարդասիրական օգնություն տրամադրել Իրաքի հյուսիսային լեռներում արգելափակված իրաքցիներին, ինչպես նաեւ «կետային օդային հարվածներ» հասցնել ամերիկյան անձնակազմի պաշտպանության նպատակով:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի պաշտոնակատարը հայտարարել է, որ կազմակերպության Անվտանգության խորհուրդն իր կողմից, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ արձագանքելով «Իսլամական պետության» սպառնալիքին:





























