«Խաղաղապահը մենք ենք, ոչ օտարերկրյա զորքերին», «Պատերազմի նժարին մարդկային կյանքն է» պաստառներով այսօր՝ օգոստոսի 8-ին, մի քանի տասնյակ քաղաքացիները Հանրապետության հրապարակից մեկնարկեցին «Խաղաղության երթը», որով  խաղաղություն են պահանջում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններից (ֆոտոռեպորտաժ):

«Մենք խաղաղության երթ ենք անում, քանի որ խաղաղությունն ու մարդկային կյանքը վեր են ամեն ինչից: Մենք կարծում  ենք, որ հասարակությունը խաղաղության երաշխիքը պետք է պահանջի իշխանություններից, եւ իշխանությունները պարտավոր են կատարել իրենց խոստումը՝ ապահովել խաղաղությունը հայ-ադրբեջանական սահմանին: Շփման գծում արձանագրված զոհերի համար պատասխանատու են Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ Ռուսաստանը, որը Կովկասյան տարածաշրջանում գերակա շահ է հետապնդում, եւ պարտավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր արյունահեղությունը դադարեցնելու համար: Միջնորդները պարտավոր են ներդնել իրենց ջանքերը՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ուղղությամբ»,-ասաց երթի  կազմակերպիչ Գայանե Առուստամյանը՝ նշելով, որ հակամարտող երկու երկրներում հանրությունը պետք է համախմբվի, ստեղծի հանրային քննարկումների հարթակներ՝ սեփական միջոցներով հակամարտությանը լուծում տալու նպատակով:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից է, որը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ խաղաղարարը զենք չի վաճառում»,- ՌԴ դեսպանատան մոտ հայտարարեց երթի մասնակից Զարուհի Հովհաննիսյանը:

Այնուհետեւ երթի մասնակիցները «Խաղաղություն ժողովրդին, պատերազմ ռեժիմներին», «Մարդիկ մեռնում են, օլիգարխները հարստանում» վանկարկումներով ՌԴ դեսպանատան մոտից Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ հանրային քննարկում կանցկացնեն:

Նշենք, որ երթին մասնակցում են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: