Ինտերնետը լուրջ խոչընդոտ է մեզ համար այստեղ՝ Հայաստանում աշխատելու եւ գործունեություն իրականացնելու համար։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, «Սինոփսիս» ընկերության կորպորատիվ մարկետինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը՝ ավելացնելով, որ  թեեւ վերջին ժամանակներում հեռահաղորդակցության ոլորտում տեղի են ունեցել որոշ դրական տեղաշարժեր, այդուամենայնիվ, ինտերնետի հարցը դեռեւս մտահոգում է իրենց։

«Վերջին ժամանակներում շատ դրական զարգացումներ տեղի ունեցան, որոնք հուսադրող են. նոր խաղացողներ եւ նոր դերակատարներ են հայտնվել ինտերնետ բիզնեսում, եւ մրցակցության բերած դրական տեղաշարժերը ակնհայտ են»,-ասաց Գոլդմանը՝ ավելացնելով, որ չնայած վերջին շրջանում ինտերնետի որակի  եւ գների դրական փոփոխությանը, այդուամենայնիվ, դեռեւս կան մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։

«Իհարկե, այս պահին Հայաստանում ինտերնետը ավելի լավ է իր որակով եւ մնացած չափորոշիչներով, քան նախկինում էր, բայց այն դեռեւս բավարար լավ չէ»,-ասաց Ռիչ Գոլդմանը: