2018-2019 թթ. Հայաստանը ծրագրում է Երեւանի ՋԷԿ-ի մեկ կամ երկու բլոկ կառուցել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողներին հայտարարեց Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ հնարավոր սցենարները ներառում են 2 էներգաբլոկ՝ 220-ական ՄՎտ հզորությամբ կամ մեկը՝ 400-450 ՄՎտ հզորությամբ: Շինարարությանը գումարը կազմում է 400-450 մլն դոլար:

Ինչպես ավելի վաղ հաղոդել էր նախարարը, նոր հզորությունները Հայաստանին թույլ կտան ընդլայնել էլեկտրականության՝ իրանական գազով շահավետ փոխանակությունը (1 խմ-ի համար՝ 3 կՎտ/ժ): «Ֆինանսավորման շուրջ բանակցություններ են ընթանում Ճապոնիայի կառավարության հետ: 3 օր առաջ մենք հերթական հանդիպում ունեցանք ճապոնական կողմի հետ», - հավելեց Զախարյանը:

Հիշեցնենք, որ ճապոնական միջոցներով (Միջազգային համագործակցության ճապոնական գործակալություն) կառուցվել է Երանի ՋԷԿ-ի նաեւ առաջին էներգաբլոկը, որը շահագործվում է 2010թ.-ի ապրիլից: 242 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկը կառուցվել էր 26,4 մլրդ իենով (ընթացիկ փոխարժեքով՝ 257 մլն դոլար):